
Ասում են՝ այն մարդիկ են առավել երջանիկ, ովքեր կյանքում գտնում են իրենց առաքելությունը, իրենց գործով աշխարհը դարձնում ավելի լավը: Այդ մարդկանցից էր Ռուդիկ Հարոյանը՝ մեր սիրելի ուսուցիչը, մեր տիար Ռուդիկը:
Մինչև հիմա հիշում եմ այն էներգիան, խանդավառությունը, որով նա անց էր կացնում պարապմունքները: Նա ապրում էր ազգային երգով ու պարով, կարողանում էր մեզ վարակել, ոգևորել, փոխանցել … նա չափազանց ազնիվ ու բարի էր, չափազանց համբերատար: Ոգևորելիս, ուղղորդելիս, անգամ բարկանալիս, սիրում էր ասել «Ձագս»: Ու ամեն ինչ ստացվում էր…
Տիար Ռոդիկը իսկական մանկավարժ էր: Լեզու էր գտնում խմբի տարատարիք սաների հետ, ամեն մեկին մի խաղի, պարի մեջ առանձնացնում, կարևորում: Խաղացնում էր մեզ՝ խաղալով: Ու իր խաղը բնական էր,իրական, սրտանց, ոգևորությունը՝ նույնպես: Մենք հավատում էինք իրեն:
Հիշում էր «Սուրբ Հարության» տոնին մեր պատրաստությունը: Սովորում էինք երգերը, խաղալով էինք սովորում, ուրախանալով, կատակելով: Խաղում էր մեզ հետ, կատակներ անում ծիծաղեցնում: էդպես էր սովորեցնում:
Ամենատպավորիչ խաղիկներ ու երգերը, որոնք սովորեցրել է՝
«Դան, դան, դանեդան» խաղիկը, «Զորի-զորին»՝ բազեի ու ճնճղուկների մասին, որն, ինչպես գիտեք, առանձին փաթեթով տպագրված է: «Հինգ էծ ունեմ ուլերով», «Խորոտիկ», «Էն դիզան», «Ճախրակի ոտ», «Թաքվորի մեր», «Ճուր կուգեր վերին սարեն», «Մըր տան ի դեմ», «Զմփիկ»:

Խաղիկներից՝ ձվակռիվները, ձուգլորոցիները, աքլորակռիվները, փետուրներով խաղերը:
Մի ուրիշ սեր ու հավես էր փոխանցում «Թաշկինակներով պար»-ը սովորեցնելիս:
Հիշում եմ, թե պարերի ժամանակ ինչքան էր կարևորում ոգևորության հետ մեկտեղ շարժումների կոկիկությունը, սրտանց ու խանդավառ շարժումների մեջ՝ զսպվածությունը: Ու շուրջպարերի ժամանակ կարևոր խորհուրդը, որը ես էլ փոխանցել եմ իմ սովորողներին. շուրջպարի, խմբային պարերի ժամանակ պետք է պարին միանալ վերջից, որպեսզի չխանգարես պարողներին:
Խմբով մենք նաև շրջագայում էինք: Բացի երևանյան դահլիճներում ելույթները, մեզ բախտ վիճակվեց տիար Ռուդիկի հետ մի քանի օրով լինել Արատեսում (առայժմ՝ միակ անգամը): Տիար Ռուդիկի, մի քանի օգնական-մայրիկների, այդ թվում՝ իմ մայրիկի, փոքր քույր-եղբայրների հետ մի քանի օրով (հստակ չեմ հիշում) եղանք Եղեգնաձորում: Համերգներ ունեցանք տարբեր գյուղերում: Հիշում եմ Սևակավան գյուղը, ուր հասանք բեռնատարով՝ մեր հագուստները կախիչներով մեզ հետ տանելով: Ի՞նչ ուրախ էինք մենք:
Տիար Ռուդիկի խմբում մեզ հետ աշխատում էր նաև Հասմիկ Հարությունյանը, դհոլչի Գուրգեն պապիկը, զուռնա նվագող պապիկի անունը չեմ հիշում, բայց իրեն հիշում եմ. ի տարբերություն Գորգեն պապիկի, որը փոքրամարմին էր, զուռնա նվագողը հաղթանդամ մարդ էր: Հիշում եմ նաև Արթուր անունվ մյուս պարուսույցին, ով նույնպռս պարի խումբ ուներ, տիկին Հռիփսիմեին՝ դեղին մազերով, շատ սիրուն հագուկապով: Ինքը ինձ մենապարել էր սովորեցնում:
Ընկեր Հռիփսիմեն հետաքրքիր էր մեզ, քանի որ շատ կանացի էր, գեղեցիկ հագնված, խնամված, սանրվածքը հիմնականում ցորենահյուս: Բոլորս մտածում էինք, որ ինքը շատ երիտասարդ աղջիկ է: Մի օր խմբի աղջիկներով իր մասին էինք խոսում, հիանում էինք, ու մեր խմբի Էմիլիան, որ շատ համեստորեն ասեց, որ իր մայրիկն է: Չէինք հավատում:
Ես շատ էի ուզում, որ մեծանամ, իր նման լինեմ:
Հիշողություններիցս խոսքերով կարող եմ փոխանցել այսքանը: Բացի պատկերային հիշողությունից, կան նաև հուզական, զգայական հիշողություններ, որոնք անգնահատելի են, փոխանցելը՝ դժվար:
Շնորհակալ եմ: