Դասվարի օրագիր. մենթոր ուսուցիչ

Հայտնի է, որ երջանիկ լինելու պայմաններից մեկը սիրելի աշխատանք ունենալն է։ Ես այն երջանիկներից եմ, որ սիրում է իր աշխատանքը՝ մանկավարժությունը, դպրոցը։ 

Դպրոցական տարիներին ապագա մասնագիտության այլընտրանք գրեթե չեմ ունեցել, բացառությամբ երկու այլ ոլորտների (իրավագիտություն, լրագրություն), որոնցով կարճ ժամանակ ոգևորվել եմ։

Դեռ տարրական դասարաններից ինձ դուր է եկել ուսուցչի աշխատանքը: Հիշում եմ, թե ինչպես էի հետևում իմ ուսուցիչների աշխատանքին՝ դասերը կազմակերպելուն, աշակերտների հետ հարաբերություններին և արտաքին տեսքին, հագուկապին։ 

Մանկավարժությունը որպես մասնագիտություն ընտրելու հարցում ինձ համար որոշիչ է եղել նաև այն հանգամանքը, որ ես առաջին դասարանից սովորել եմ կրթահամալիրում։ Չնայած նրան, որ 1990-ականներից շատ բան է փոխվել, բայց կարևորը կրթահամալիրում  մնացել է նույնը՝ մարդասիրությունը, հարգանքը աշակերտի անձի նկատմամբ, ազատ հագուստը, տոնը…

Չնայած նրան, որ «մենթոր» բառը նորաձև է դարձել վերջին ժամանակներում, մենթորի գործառույթները շատերն են իրականացնում՝ աշխատանքում և ոչ միայն, գիտակցաբար, ինքնակամ կամ ինքնաբերաբար…

Ըստ Էության, մենթորն այն մարդն է, ով մասնագիտական խորհրդատվություն է իրականացնում։ Այդ մարդը կարող է լինել քեզանից փորձառու մասնագետ ( փորձառու դասվար), կարող է լինել քո մասնագիտության որևէ բաղադրիչի կոնկրետ մասնագետ ( դասվարի դեպքում օրինակ՝ ֆիզկուլտուրայի մարզիչ) և կնոջ համար խոհանոցային հարցերում՝ օրինակ՝ հորաքույր։

Երբ ես սկսեցի դպրոցում աշխատել, ինձ բախտ վիճակվեց հայտնվել փորձառու, հետաքրքիր, առաջադեմ ու հետաքրքիր  դասվարների՝ մարդկանց, մասնագետների, կանանց միջավայրում։ Աշխատանքի ընթացքում հետևում էի նրանց աշխատանքին, սովորում: Նրանք դարձան իմ ուսուցիչները։ Ես ինձ համար նրանց ընտրեցի որպես մենթոր ուսուցիչ և սկսեցի հետևել, դիտարկել, սովորել։ Աիդա Պետրոսյանից՝  երևակայել, ստեղծագործել, ամենակարևորը՝ հիանալ ու գովել-ոգևորել, Ալլա Մելիքյանից՝ դասարանի կառավարում, հետաքրքիր, ուրախ մաթեմատիկա, ծեսերի կազմակերպում, Գոհար Քալանթարյանից`հոգատարություն: Ազատ ժամանակս անց էի կացնում նրանց դասարաններում, առիթը չէի բաց թողնում  նրանց հետ զրուցելու: Իսկ ընդմիջումներին, սրճելիս՝ ծնվում էին ամենից հետաքրքիր զրույցները մանկավարժության մասին, երբեմն էլ ակամա խորհրդատվությունն անցնում էր նորաձևություն ու կանացի թեմաներ։ Շնորհակալ եմ նրանցից բոլոր տեսակի արժեքավոր զրույց-խորհրդատվությունների համար։

Հետաքրքիր էր նաև այն, թե ինչպես են նրանք նկատում իմ՝ որպես սկսնակ դասվարի անհանգստությունը, թերությունը և ինչպես էին այդ մասին զրուցում՝ հեռվից՝ իրենց փորձից՝ անպայման հումորով, ծիծաղով, ապա խորհուրդով,ոգևորելով։

Մանկավարժության ոլորտով հետաքրքրվելու հարցում պակաս կարևոր ու որոշիչ չէր իմ հայտնվելը կրթահամալիրի մանկավարժական քոլեջում՝ որտեղ ուսուցչություն սովորելու ամենից կարևոր բաղադրիչը կենդանի միջավայրում՝ կրթահամալիրի կրտսեր-դպրոցներում տարբեր աշխատանք-առաջադրանքներ կատարելն էր, չհաշված վերջին տարվա պրակտիկան/ փորձառությունը:

Ուսանողության չորս տարիները հետաքրքիր էին ու փորձություններով լի։ Քոլեջում հայտնվեցի մի խումբ  մանկավարժ-դասախոսների միջավայրում ու ավելի շատ սիրեցի աշխատանքը դպրոցում։ Դասախոսներից մի քանիսին ինձ համար առանձնացրի ու սկսեցի նրանցից սովորել։ Հիմա էլ շարունակում եմ՝ առանց իրենց գիտության…Սուսան Մարկոսյանից՝ համառոտ, պարզ գրավոր խոսք ձևակերպել, Մարիետ Սիմոնյանից՝ լսել, մտածել, ուղիղ  խոսել, Գևորգ Հակոբյանից՝ մաթեմատիկան տեսնել կյանքում, հակադրվել, Նառա Նիկողոսյանից՝ համարձակություն, Գայանե Բեդիրյանից՝ մաթեմատիկան՝ կոնկրետ ու գրագետ, տիար Բլեյանից՝ կրթության գործի կազմակերպման հմտություններ՝ բովանդակությունից`կազմակերպում և ամենակարևորը՝ մարդկային ռեսուրների կառավարում: Այս շարքը շարունակելի է…։

Կրթահամալիրի հիմնադիր-ուսուցիչներից սովորում եմ ու սովորում ենք։ Իրենք շատերիս Ուսուցիչներն են:

2002-ից անցել է 18 տարի, և վերջին մի խումբ դասվարների համար ես եմ մենթոր։ Այս փուլում աշխատանքն աղջիկների հետ հիմնականում առցանց-հեռավար է: Առցանց-հեռավար մենթորության առաջարկը ստացա Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավար Գոհար Բալջյանից:

Յուրաքանչյուր դասվարի մասով ունեցանք զրույց։ Փորձեցինք հասկանալ, թե որպես փորձառու դասվար՝ ինչով կկարողանամ օգտակար լինել յուրաքանչյուրին, քանի որ իմ խմբի դասվարները շատ տարբեր են՝ աշխատանքային փորձով, հետաքրքրություններով, մանկավարժական հայացքներով: Նրանց արևոր ընդհանրությունն այն է, որ  բոլորը սիրով են աշխատում։

Երբ գրում էի մենթորության ծրագիրը, վերադարձա 2002 թվական և փորձեցի հիշել, թե ինձ ինչ էր անհրսժեշը, ինչ օգնության կարիք ունեի։ Փորձեցի դասվարի աշխատանքը բաժանել մի քանի բաղադրիչների, ձևակերպել։

Դրանցից մի քանիսի շուրջ աշխատանքը կոնկերտ է, չափելի: Բայց աշխատանքի կարևորագույն՝ բովանդակային մասը, չափելի դարձնելու և ներկայացնելը խիստ անհատական է՝ պայմանավորված դասվարի անհատականությամբ, սովորողների թիմով:

Մինչև աշխատանքային հարաբերությունների մասին խմբի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը, փորձեցի ինձ համար առանձնացնել այն պահանջները, որոնք ինքս ունեմ իմ հանդեպ և որոնք իմ հանդեպ կունենա պակաս փորձ ունեցող դասվարը:

Առանձնացրի հետևյալը՝

Մենթոր ուսուցիչը պիտի առաջին հերթին կարողանա ոգևորել:

Լինի շիտակ և նրբանկատ՝ կարողանա խոսել նաև նկատած թերությունների մասին , բայց այնպես, որ դիմացինը չնեղսրտի:

Միանգամից շատ պահանջներ չդնի սկսնակ ուսուցչի առջև՝ կարողանա առանձնացնել առանջային և երկրորդական խնդիրները, որոշի դրանց լուծման հաջորդականությունը:

Անհատական և խմբային քննարկումներում, կոտրելու համար սովորեցնողի դերը, օրինակներ բերի իր փորձից՝ ունեցած հաջողություններից և ավելի շատ՝ ձախողումնեից ու թերություններից,  առաջարկելով ոչ թե այն կրկնել, այլ զարգացնել և դարձնել ավելի լավը:

Առաջարկներ անել՝ դասարանում նոր գաղափարներ իրականացնելու, դրանք որպես փորձ բլոգում ներկայացնելու համար:

Փորձել այնպես անել, որ յուրաքանչյուրը անի նոր նախաձեռնություններ, չվախենա սխալվելուց կամ չհասկացված լինելուց:

Նպաստել յուրաքանչյուրի ինքակրթությանը, մասնագիտական աճին:

Աղջիկների աշխատանքին ծանոթանում եմ դասարանական բլոգների միջոցով։ Եթե լինում են դիտարկումներ, որ բոլորին են վերաբերում, գրում եմ խմբին կամ կազմակերպում ենք խմբային տեսազանգ,որը հնարավորություն են տալիս նաև իրար լսելու, իրարից սովորելու:   Անհատական դիտարկումները և քննարկումները լինում են երկու կողմերից մեկի նախաձեռնությամբ։ Ամենից կարևորը ուսումնական պարապմունքի կազմակերպմանը վերաբերող աշխատանքն է, որը սովորողների հետ է, և որին նախապատրաստվելու որակից է պայմանավորված ուսումնական պարապմունքի արդյունավետությունը:

Յուրաքանչյուր դասվար և դասարան առանձնահատուկ են, և որքան էլ մենթոր ուսուցիչը ունենա իր պատկերացումը կոնկրետ երևույթի նկատմամբ, միևնույն է իր պարտականությունը դիտարկել-քննարկել-ուղղորդելն է։ Միևնույն հարցի շուրջ քննարկման արդյունքը յուրաքանչյուրի մոտ անհատական է, տարբեր՝ պայմանավորված դասվարի անհատականությամբ, առանձնահատկություններով։

Ինչ խոսք, քննարկումները հետաքրքիր են, և սովորում ենք երկուստեք:

Ինձ համար, որպես մենթոր, կարևոր է նաև այն, որ հնարավերություն եմ ունենում ժամանակ առ ժամանակ գրել, շարադրել  որևէ թեմայի, նախագծի մասին իմ փորձը և կիսվել աղջիկների հետ։ Այդ գրառումները ինձ համար նույնպես օգտակար են:

Հեղինակային մանկավարժության դեպքում մենթորի աշխատանքի կարևոր առաքելությունն իմ կարծիքով այն է, որ կարողանաս հավատացնել, որ այն, ինչ արվում է կրթահամալիրում, արդյունավետ է, ճիշտ է։   Կրթահամալիրի մանկավարժական սկզբումները, մոտեցումները, լուծումները լինելով շատ տարբեր հանրակրթությունից,  սկսնակ ուսուցիչներից շատերի  մոտ լուծումները երբեմն անհանգստություն, շփոթ են առաջացնում, որը եթե նրանք չհաղթհարեն, կարող են փոխանցել նաև ծնողներին և առաջ բերել ծնողական համայնքի անհանգստությունն ու անվստահությունը:

Այդ առումով կարևոր եմ համարում, որ դասվարը հավատա նրան, ինչ անում է: հավատա իր առաքելությանը: Հավատա, որ յուրաքանչյուր սովորողի կյանքում կարող է դրական ներդրում ունենալ, տեսնել նրա անհատականությունը, օգնել բացահայտել ինքն իրեն և սովորեցնել թռչել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s