Մեր տանը հյուր կա՝ արդեն երկու ամիս

20200410_145920Նուշիկ Սմբատյան, Նռանե, Տարոն և Արեն Անտոնյանների ընտանեկան դպրոցի մայրիկ

Հեռավար ուսուցումը հանգիստ չեկավ, դուռը քաղաքավարի չթակեց ու չսպասեց, որ ներս հրավիրենք, հետո չհարցրեց՝ ունե՞նք արդյոք բավարար ցանկություն, ժամանակ, էներգիա, ուժ դրանով զբաղվելու, դրանով ամեն օր ու անընդհատ ապրելու համար։ Հա՜, նաև մոռացավ հարցնել, թե արդյո՞ք ունենք մանկավարժի, հոգեբանի, երաժիշտի, պարողի, մարզիչի, սցենարիստի, օպերատորի, մոնտաժողի բավարար գիտելիքներ ու հմտություներ։ Հեռավար ուսուցումն եկավ անակնկալ, միանգամից, կտրուկ ու անմիջապես, գարնան հորդ անձրևի պես թափվեց մեր գլխին, ներխուժեց մեր կյանք, հիմնովին փոխեց մեր առօրյան, տարիներով մշակված օրակարգն ու ձևավորված ապրելակերպը։

Հետաքրքիրն այն է, որ այս դեպքում, շատ ընտանիքներ, այնպես ինչպես և մենք, հանգիստ ու խաղաղ արձագանքեցին դրան։ Մենք, օրինակ՝ արագ բացեցինք տան դուռն ու ներս հրավիրեցինք՝ ասես նախապես պայմանավորվել էինք ու անհամբեր  սպասում էինք, դեռ ջեռոցում էլ տա՜ք-տա՜ք խմորեղեն կար թանկագին հյուրի համար։ Ասածս ի՞նչ է։ Հիմա այնքան է իրեն դուր եկել մեր տանը, որ անկյունում մի տեղ խորը տաքուկ նստել, տեղավորվել է ու չի էլ պատրաստվում գնալ։

Հեռավար ուսուցումը քաոս կդարձներ մեր կյանքը, եթե մեր սիրելի դպրոցը նրա հետ 3 գործիք չուղարկեր մեր տուն՝ տեսադասեր, ամենօրյա առարկայական առաջադրանքներ և ընտանեկան նախագծեր։ Հեռավար ուսուցումը դրանք բերեց և շատ վստահ ու հաստատակամ հայտարարեց, որ այսուհետ ամեն օր՝ շաբաթ-կիրակի ներառյալ, այդ գործիքներով պիտի աշխատենք։ Իսկ մե՞նք, մենք ի՞նչ, ի՞նչ կարող էինք անել, մենք խելամիտ գտնվեցինք, մտածելով, որ գործիքներով ավելի հեշտ է աշխատել, քան մերկ ձեռքերով։ Հիմա մի քիչ կպատմեմ այդ գործիքների մասին, որոնք անխնա կիրառում ենք մեր ուսուցիչների մշակած գունեղ ու ստեղծարար ծրագրերին համապատասխան։

Հեռավար  ուսուցումն իր հետ բերեց ուրիշ առօրյա՝ սովորականից մի փոքր երկար ենք քնում, երբեմն մարզվում ենք, նախաճաշում ու անցնում  տեսադասերին։ 2 ամսիս առաջ ո՞վ կմտածեր, որ նոր համակարգիչս Նռանեին այդքան պետք էր գալու, սիրուն նստելու էր հայելու դիմաց ու կարոտած ընկերներին էր նայելու էկրանից այն կողմ։ Ամենօրյա կանոնավոր տեսադասերը, սիրելի ընկերների ու ուսուցիչների հետ առցանց շփումը շատ կարևոր գործիք դարձան՝ գիտելիքի, մտքերի փոխանցման շղթան չկտրվեց, հակառակը՝ երկարեց, ձգվեց, ամրացավ։ Միայն կարոտը մնաց, շատ է կարոտում Նռանեն իր սիրելի Արևմտյան դպրոցը, դասարանը, իր ուրախ ընկերներին, ուզում է նրանց հետ վազվզել, հեծանիվ վարել ու կատակել, ուզում է միասին լսեն, մտածեն, խաղան ու ստեղծագործեն ինչպես նախկինում։ Հատկապես շատ տխրեց, երբ ծննդյան այդքան սպասված օրը չկարողացավ ընկերներին հրավիրել ու միասին նշել, թեև մեր սիրելի դասվար Լուսինե Փաշայանը շնորհավորանքների ու մաղթանքների փոքրիկ տոն դարձրեց այդ օրվա դասը Նռանեի համար։ Կենդանի շփման կարոտի մասին ամեն օր է խոսում, բնական է, մենք՝ մեծահասակներս հազիվ ենք դիմանում, ուր մնաց՝ երեխաները։

Ամենօրյա առաջադրանքները կատարելիս զարգացան Նռանեի տեխնիկական հմտությունները (E-mail, Paint, Word, Power Point, Teams հարթակ)։ Սիրելի դասվարի հանձնարարությամբ պատրաստեցինք մի շարք հավես աշխատանքներ մայրենիից ՝ Հ. Թումանյան՝ Մարտ, Ատամը փոխած, Նռանեն նկարազարդեց իր հորինուկները Վիտամինների անձրև, Ծիածանագույն ձվիկը ու հորինեց մի պատմություն, նկարազարդեց ու կազմեց իր առաջին պատկերազարդ գրքույկը։ Թեև օտար լեզուների համար գրեթե ժամանակ  չէր մնում, բայց հասցրեցինք մի քանի թեմատիկ տեսանյութ պատրաստել նաև ռուսեներից՝ Нране- пасхальный стишок и декорация, Моя одежда и обувь, Песня про овощей և անգլերենից՝ Shopping with Nrane, Nrane’s Easter Egg, Chick and Poem

 

Դե իսկ ծանր հրետանին ընտանեկան նախագծերն էին։ Ամբողջ օրը, բան ու գործ թողած, հեռախոսը լիցքավորած պատրաստ, օրվա մեջ 100 անգամ էլ․ փոստ ստուգելով, տան  բոլոր հնարավոր ատրիբուտներն օգտագործելով՝ իրականացրեցինք տարաբնույթ ընտանեկան նախագծեր, այդ թվում՝

  1. ընտանեկան TV և ռադիո հաղորդումներ՝ ԲՆԱԳԻՏԱԿ TV #1 մայրամուտ, Երբ ես փոքրիկ էի՝ Նռանե, Լեգենդ խատուտիկի մասին
  2. տեխնոլոգիական՝

Զատիկ ընտանեկան տեխնոլոգիական նախագիծ,

Ոսպացան Զատկի համար,

Մեղու և թիթեռներ Նռանեից,

Գարունը մեր բակում,

Ձոն՝ մայրիկատոն Նռանեից,

Նռանեի ածիկի օրագիրը,

Մակարոնե գարնանային ծաղիկներ,

Նռանեի ինքնաշեն կշեռքը

  1. ասմունքի՝ Ծիտն ու բազեն, Ղ. Աղայան
  2. երաժշտական՝

Օր պար՝ ընտանեկան֊ զատկական ֊երաժշտական ֆլեշմոբ,

Երաժշտական ֆլեշմոբ շրխկանով՝ Ջաղացս,

Զա՛րկ, բոլոճիկ, զա՛րկ,

Ազգային մատնախաղեր ու ծափախաղ ու երգ,

Տիկնի պսակ_ազգային երգերը նկարներում,

Նռանեի ու Արենի ապակյա նվագարանը,

Հախչա-֊հուխչա՝ ապակյա նվագարանով

  1. մարզական՝ Ուրախ մարմնամարզություն, գնդակախաղ և համրանք, Մարմնամարզություն Նռանեի հետ։

Առանձնահատուկ պիտի նշեմ, որ հիացրեց մեր դաշնամուրի լրացուցիչ կրթություն ուսուցչուհին՝ Լիլիթ Գրիգորյանը, ով սիրով, համբերատար ու հետևողականությամբ պարապում է ու մեր տան սիրելի անդամն է դարձել։ Հիմա եմ հասկանում Նռանեի՝ դաշնամուրի դասերի հանդեպ ոգևորությունը և սիրում եմ այն աստվածային լռությունը, որ տանը ապահովում ենք, երբ առցանց տեսազանգով Նռանեն դաշնամուր է պարապում։

 

Կարճ ասած՝ հեռավար կրթությունը, տան անկյունում նստած, ժպտում է խորհրդավոր ու անձայն հիշեցնում, որ հետո երանի ենք տալու այս օրերին ու էս հարուստ արխիվը դիտելիս կարոտով եք հիշելու այս օրերը, երբ անմնացորդ ու անընդհատ իրար հետ ենք ու իրար համար։

Հիմնականում  էդպես ժպտում է, երբ զգում է լարվածություն, իսկ դրանից, ցավոք, երբեմն հնարավոր չի լինում խուսափել ուժերի գերլարման, սեփական հեռավար աշխատանքը, առցանց մագիստրատուրայի դասերը, քննությունները գիշերն անելու, կենցաղային մեծ բեռի և մյուս մեծ ու փոքր սեբաստացի տղաներիս՝ Տարոնի ու Արենի հեռավար ուսուցումը միաժամանակ կազմակերպելիս։ Դե, ոչի՛նչ, էդպես էլ է պատահում։ Ուժեղանում ենք։ Հասկանում ենք, երեխաների, մեր նյարդերի, համբերության, պատասխանատվության, հմտությունների, կարողությունների հնարավորությունների սահմանները կամ դրանց անսահմանությունը։

 

Մեր հյուրն իրեն, վստահաբար, լավ է զգում մեր տանը, մենք էլ նրա ներկայությանը շատ ենք սովորել, շփվում ենք ընտանիքի անդամի պես։ Սակայն անկեղծ ասած՝ եթե ցանկանա կամ որոշի գնալ, հաճույքով կճանապարհենք՝ իհարկե պատվով, ինչպես հարկն է, հասկանալով, որ նրա շնորհիվ  շատ բացահայտումներ կատարվեցին ու տեղաշարժեր եղան մեր ներսում։

 

Հեռավար ուսուցումն եկավ անակնկալ, գարնան հորդ անձրևի պես թափվեց մեր գլխին, հիմնովին փոխեց մեր առօրյան, ստիպեց վերագնահատել ընտանիքի, դպրոցի, ուսուցիչների դերը մեր երեխաների ու մեր կյանքում, հիշեցրեց հարազատների, ընկերների, բնության հետ կենդանի, բնական շփման կենսական նշանակության մասին, կոտրեց ազատության, սահմանափակումների, պատասխանատվության մասին մեր ունենցած պատկերացումները ու օգնեց վերգտնել յուրաքանչյուր իրավիճակում ուրախության, հաճույքի և վայելքի աղբյուր գտնելու ունակությունը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s