Ընտանեկան դպրոց․ դպրոց- ընտանիք համագործակցության նոր մշակույթ

Անցած երկու ամիսների ընթացքում հեռավար-առցանց ուսուցումը, ինչպես բնական միջավայրում առաջացած ցանկացած կենդանի օրգանիզմ,  ունեցավ իր զարգացման փուլերը։

Հիշում եմ՝ ինչպես սկսեցինք հեռավար-առցանց ուսուցումը մարտի սկզբին, ինչ խնդիրներ այն ժամանակ  տեսանք, ինչ խնդիրներ սկսեցինք լուծել՝ սկսած կազմակերպական բազմաթիվ հարցերից և վերջացրած՝ կրթության բովանդակության կազմակերպման քննարկումներով։ Պարզ էր, որ տնային ուսուցումը չէր կարող կրկնել դպրոցական-դասարանական ուսուցման մոդելը։ Մենք ի սկզբանե գիտեինք, որ ունենալու ենք հեռավար ուսուցման կազմակերպման այլընտրանքային տարբերակ, ինչն էլ հերթական անգամ ընդգծելու է հեղինակային մանկավարժության առավելությունները։

Մարտի սկզբին, չնայած նրան, որ ունեինք հեռավար-առցանց կազմակերպման երկարամյա փորձ, բավականին ջանքեր գործադրեցինք՝ երկարաժամկետ հեռավար ուսուցումը պլանավորելու և արդյունավետ կազմակերպելու համար։ Կարևոր էր նոր գործիքներ յուրացնելը, սովորողներին և նրանց ծնողներին այդ գործիքներից օգտվել սովորեցնելը, մեր և սովորողների անհատական աշխատաժամանակը, օրվա գործունեությունը պլանավորելը, քանի որ բոլորիս համար վերացել էր տարածություն և ժամանակ հասկացությունները։ Ավելի շուտ՝ այն դարձել էր անվերջ․․․

Կարևոր էր նաև  մանկավարժական մոտեցումների և մեթոդների կենդանի, գործնական փոխանցումը ծնողական համայնքին, քանի որ ի սկզբանե հրաժավեցինք դասացուցակային ռեժիմով աշխատելաոճից՝ առավոտյան իննից մինչև մեկն անց կեսը սովորողներին գամել համակարգչի առաջ՝ նրանց ուսումնառությունն իբրև արդյունավետ կազմակերպելու համար։

Փոխարենը ավելի ակտիվացրինք ծնող-ուսուցիչ կապը, համագործակցությունը։ Այս հարցում, իհարկե,  մեզ օգնեցին մեր բլոգները և սովորողների էլեկտրոնային փոստերը։

Մոտ մեկ շաբաթվա ընթացքում, ուսուցչով-ծնողով-սովորողով յուրացրինք տեսակապերով հանդիպումների համար առավել հարմար MS  Teams հարթակի անհրաժեշտ գործիքաշարերը, սովորեցինք օրացույցով պլանավորել մեր հանդիպումները, հանդիպումների համար ստեղծեցինք փոքրաքանակ խմբեր և ժամատախտակներ։

Տեղի ունեցավ նաև առաջին ծնողական առցանց հավաքը։ Ծնողների հետ պայմանավորվեցինք, որ նրանք ոչ միայն լինեն իրենց երեխաների տնային ուսուցիչները, այլ նաև կատարեն դիտարկումներ՝և առաջարկներ՝ հեռավար-առցանց կազմակերպման վերաբերյալ։ Իմ դասարանում հեռավար ուսուցման կազմակերպման զարգացման հարցում կարևոր եմ համարում նաև ծնողների դերը, ովքեր ազատ գրում էին իրենց դիտարկումները, անում առաջարկներ՝ օգնելով  շաբաթ առ շաբաթ ավելի լավ կազմակերպել մեր աշխատանքը։

Յուրաքանչյուր ամսվա վերջին ունեցանք ծնողական առցանց հավաք, որի ժամանակ ամփոփեցինք անցած ամիսը, արեցինք դիտարկումներ, առաջարկներ, փոխանակեցինք գաղափարներ  և պլանավորեցինք առաջիկա ամսվա անելիքները (մայիսմեկյան հավաքի հղումը)։

Իրար լսելու, օգնելու, միասին դպրոց կազմակերպելու աշխատանքն օգնեց ավելի լավ ճանաչել իրար՝ թե ծնող- ուսուցիչ, թե՛ ծնող-ծնող կապն ավելի ջերմ, վստահելի ու ամուր դարձավ։

Սովորողների, նրանց ծնողների հետ աշխատանքը պայմանականորեն բաժանեցինք երեք բաղադրիչի՝

Նախագծային երկարաժամկետ աշխատանք (մեկ-երկու շաբաթ տևողությամբ)․ Չշեղվելով կրթահամալիրի ուսումնական օրացույցից՝ շարունակեցինք իրականացնել կրթահամալիրյան միասնական նախագծերը։ Նախագծերը, շաբաթվա աշխատակագերը սովորականի նման հրապարկվում էին բլոգում, որտեղ ներկայացվում էին դրանց, նկարագրությունը, աշխատանքների ուղղությունները, էլեկտրոնային փոստով արվում էին պարզաբանումներ, նշվում աշխատանքների կատարման վերջնաժամկետները։ Սովորողները, ընտանիքի անդամների օգնությամբ, իրականացնում էին աշխատանքը, ապա ուղարկում իմ էլեկտրոնային փոստին։ Այսպես ծնվեցին երկու տեսակի աշխատանքներ, որոնցից մի խմբին մասնակցեցին միայն սովորողները, իսկ մյուս խմբին, ինչպես օրինակ Հ․Թումանյանի Սուտասանը հեքիաթի բեմադրությունն էր, միացան նաև ընտանիքները՝ այսպիսով դասարանական նախագծերը դարձնելով ընտանեկան․․․

Տեսազանգեր․ Ուսուցիչների հետ հանդիպումների   ժամանակ սովորողների հետ քննարկում էինք իրենց աշխատանքները, առաջարկվում նոր թեմաներ, միասին լուծում խնդիրներ, որից հետո էլեկտրոնային փոստի ամենօրյա նամակագրության միջոցով փոխանակում անհատական աշխատանքները։

Ընտանեկան նախագծեր․ ամենից հետաքրքիր բաղադրիչը ընտանեկան նախագծերն էին․․․այն աշխատանքները, որոնց ուղղություններն ընտրում էին սովորողները։ Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման զարգացման մեջ առանձնակի և կարևոր նշանակության ունեցան ընտանեկան նախագծերը, որոնք յուրաքանչյուր սովորողի համար ստեղծեցին նախասիրությունների բաբահայտման, զարգացման հնարավորություն և դրանք էլ իրենց հերթին բաժանվեցին երկու խմբի։

Առաջին ընտանեկան նախագիծը, որին ծնողը մասնակցում էր ոչ միայն կազմակերպիչ կամ օպերատոր, այլ նաև զրուցակից, դա Երբ ես փոքր էի կամ Ես ․․․ եմ նախագիծն էր։ Ինչի՞ մասին կարող են ծնող և զավակ անկեղծ և անվերջ զրուցել․․․ դե՛, իհարկե՛ ընտանիքի, այս դեպքում՝ հենց սովորողի։ Առաջարկեցի դասարանական Խատուտիկ ռադիոյի համար պատրաստել անհատական հաղորդումներ՝ հարազատների հետ հարցազրույց վարել և իմանալ իրենց ծնունդի, անունի պատմությունը։ Պարզվեց, որ վեց տարեկան մարդուկների համար շատ էլ հետաքրքիր է, թե իրենք ինչպիսին են եղել ավելի փոքր ժամանակ․․․։ Այդպես ստեղծվեց առաջին ընտանեկան ռադիոհաղորդումների փաթեթը։ Հետաքրքիր էր նաև այն, որ ես առաջարկել էի ինձ ուղարկել միայն հարցազրույցի ձայնագրությունը՝  ծնողների համար թեթևացնելով տեսանյութեր ստեղծելու մեր անընդհատ պահանջների ցանկը։Սակայն, թեմայի հուզական կողմն այնքան ուժեղ էր, որ բոլորը ձայնագրության փոխարեն ուղարկեցին տեսանյութեր՝ ձայնագրությանը կցելով երեխաների ավելի փոքր տարիքի լուսանկարներից։ Ստացվեց այնպես, որ Խատուտիկ ռադիոյի այս եթերաշրջանում մենք ոչ թե լսեցինք ռադիոն, այլև դիտեցինք։

Այսպես, Խատուտիկ ռադիոյի սպասարկումը շատերի համար սիրելի աշխատանք  դարձավ։ Այժմ սովորողներն իրենք են որոշում, թե մեր աշխատանքի որ մասը կարելի է ներկաայացնել որպես ռադիոհաղորդում։ Այդպես, տեսակապերից մեկի ժամանակ Ա․ Խնկոյանի Մեղուն  բանաստողծությունը վերհիշելուց հետո Ռուբեն Գրիգորյանը ստեղծեց մեղուների մասին ռադիոլուրը։ Տիեզերքի մասին ցանկացած զրույց անտարբեր չի թողնում մեր Սամվելին․ այսպես, Սամվել Բաբաջանյանն իր մայրիկի հետ Արեգակի ընտանիքը ռադիոհաղորդումը պատրաստել, իսկ Նռանե Անտոնյանի մայրիկը որոշեց մեր Խատուտիկ ռադիոյին նվեր անել՝ անգլերենից թարգմանել խատուտիկ բույսի մասին մի լեգենդ և ռադիոհաղորդման միջոցով ներկայացնել այն։

Հաջորդիվ ստեղծվեց Խատուտիկ TV-ն, որը պիտի սպասարկեին ընտանիքներն՝ իրենց հեղիանակային հաղորդաշարերով։ Հաղորդաշարերի ուղղությունները պիտի ընտրեին սովորողները։ Այդպես էլ եղավ։ Ծնվեցին մի շարք հաղորդաշարեր, որոնք ոգևորեցինք թե՛ սովորողներին և թե՛ ծնողներին։ Ծնողները դարձան  օպերատորներ և ռեժիսորներ, սովորեցին մոնտաժային ծրագրեր, ուսումնասիրեցին հաղորդումներ ստեղծելու նրբությունները։ Խատուտիկ TV –ն ստեղծեց մի հարթակ, որտեղ սովորողն ազատ է ընտրելու իրեն սիրելի, հետաքրքիր գործունեությունը, որը կոգևորի նրան՝ ազատ լինել, ազատ մտածել և խոսել, կմոտիվացնի նրան սովորել, չէ՞ որ, երբ գործի ես դնում հույզերը, ամեն բան ավելի հեշտ ու բնական է դառնում։ Այսպես բացահայտվեց օրինակ մեր Էլենան։ Պարզվեց, որ նա ավելի անկաշկանդ և ինքնավստահ է դառնում, երբ սովորեցնում է։ Նա իրեն բացահայտեց Մարզվենք Էլենայի հետ տեսանյութում։ Արամն ու մայրիկը, մեկը մյուսից պահանջկոտ ու պարտաճանաչ, միասին ստեղծեցին Լսենք միասին հաղորդաշարը, որի ժամանակ Արամը ներկայացնում է իր երաժշտական ընդունակությունները, միաժամանակ փոխանցելով մեզ երաժշտական տարրական գիտելիքներ։ Այդպես բացահայտվեց Միքայել Այունցը, ով հրաշալի խոհարար է։ Ինքն նրա հետևորդն եմ և փորձարկում եմ իր առաջարկած բաղադրատոմսերը։ Իսկ Ստեֆանին Խատուտիկի եթերում իր հեծանվորդ ընկերների հետ գրանցեց իր հաջողությունը՝ սովորեց երկանիվ հեծանիվ վարել։ Խատուտիկ TV-ում կգտնեք այդպիսի մի շարք հաղորդաշարեր։

Ինչ խոսք, ընտանեկան ուսումնառության ժամանակ և ոչ միայն, մեծահասակների համար երբեմն դժվար է երեխայի կյանքում և աշխատանքում իրենց միջամտության ճիշտ չափը որոշելը։ Ընտանեկան նախագծերում երբեմն նկատվում է ծնողի միջամտության ավել լինելը, բայց այդ միջամտությունը արդարցված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծնողը օգնողն է, սովորեցնողը, մասնակիցը։

Այս նուրբ հարցի կարգավորման հարցում ինձ օգնության հասավ նույն ծնողական համայնքը․ ծնողական առցանց հավաքի ժամանակ, երբ խոսքը հասավ ընտանեկան նախագծերին, հավաքի կազմակերպման իմ մոտեցմանը հավատարիմ, որոշեցի լսել հենց ծնողների դիտարկումները։ Եվ պատկերացրեք, որ բոլորովին պետք չեղավ, որ ես բարձրաձայնեմ իմ դիտարկումները։ Պարզվեց, որ իմ ծնողական բանիմաց համայնքը, ինձանից ոչ պակաս դիտարկումներ արեց, և ոչ պակաս նրբանկատությամբ։ Ծնողների հնչեցրած հարցադրումները, քննադատական, բայց կառուցողական դիտարկումները ոչ միայն օգտակար են հենց ծնողական համայնքի համար, այլև ինձ համար։ Ամեն բան այնքան պարզ ու հեշտ է դառնում, երբ ծնողը դառնում է ոչ թե պատվիրատու, այլ գործընկեր։

Կարծում եմ, որ հեռավար ուսուցման այս շրջանի առավելություններից մեկը ծնողական համայնքում ծնող-փորձագետներ հայտաբերելն էր։ Եվ հետագայում այդ համայնքը մեզ պետք է օգնի կազմակեչպելու իրենց և մեր երեխաների կրթական պատվերը։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s