Հ․ Թումանյան․ Հեքիաթներ

Ճամփորդները

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։

— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։

— Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։

— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

— Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։

— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

— Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։

— Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

— Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։

— Ո՞րտեղ է ընկերդ։

— Էն թփի տակին։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

 

Ծիտը

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

 

Պոչատ աղվեսը

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է.

— Դե գնա իմ կաթը բեր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կովն ասում է.

— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.

— Դե գնա ինձ համար ջուր բեր։

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է.

— Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղջիկն ասում է.

— Դե գնա ուլունք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է.

— Դե գնա ինձ համար ձու բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է.

— Դե գնա ինձ համար կուտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

 

Անբան Հուռին

Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ, է առնում տալիս կնկանը, թե՝ գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

—Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել,— ձեն է տալի անբան Հուռին,— որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է բամբակը կրում բերում ածում գետը։

— Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկռում են.

— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

— Աղչի Փեփե՜լ, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՜ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։— Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին։ Ասում է.

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՜րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է.

— Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորաքո՞ւրս որն է…

Զոքանչը թե.

— Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ էս բզեզն իմ մորաքույրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի, էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s