Ա․ Խնկոյան․ Բանաստեղծություններ

Առաջին դասարանի համար

Մեղուն
Պզան, պզան, պզպզան,

Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.

— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Մուկն ու կատուն

Կատուն մկին
Ասաց․- Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս,
Հազար թուման
Փող կստանաս։
Պատասխանեց
Մուկը կատվին․
— Չեմ արժանի
Էդ մեծ պատվին․
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րճ,
Շատ լավ գիտեմ
Փորդ ցավը,
Պա՞պս է տեսել
Կատվի լավը։

 

Լուսին
Լուսին, լուսին, լուսերես,
Ինչքա՜ն սիրուն, կլոր ես։
Լույս ես տալիս գիշերով
Քո վառվռուն թշերով։

Գիշեր

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

Ծիածան

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

Նկարիչ
Օյ, օյ, օյ, բուք-բորան
Եկավ ծածկեց պատուհան։
Նկարիչ է, նկարիչ,
Ոչ ձեռք ունի, ոչ գրիչ,
Ոչ ներկ ունի և ոչ տուփ,
Նկարում է ծառ ու թուփ.
Ծաղկենկար է անում,
Ապակու վրա նկարում։
Այ, էդպես է բուք-բորան,
Կուզե՞ս տեսնել դու նրան։
Թե տղա ես, դուրս գնա,
Քիթդ այնտեղ կմնա։

Եղևնի
Գունատ աշուն է,
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում։

Միայն եղևին
Այնտեղ՝ խոր հովտում,
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում։
Գարուն

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:

Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:

Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

Մայիս
Գարնան ամիս,
Սիրո՛ւն մայիս,
Նախշո՛ւն նկար,
Բարո՛վ եկար։

Եկար, բերիր
Վարդը կարմիր,
Սուսան, սմբուլ,
Սիրուն բլբուլ։

Պապն ու շաղգամը
(թարգմանություն ռուսերենից)
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ։
Շաղգամն աճեց, մեծացավ,
Պապը տեսավ, զարմացավ։
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամը հողից չհանեց։
Պապը կանչեց տատիկին։
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Տատը կանչեց թոռնիկին։
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Թոռը կանչեց շնիկին։
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Շունը կանչեց փիսոյին։
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից,
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին։

ԳԱՐՈԻՆ

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s